Թարմ ծաղիկներն ուրախ տրամադրություն են ստեղծում նաև ամանորյա տոներին: Նրանք կարող են լավագույն նվերը դառնալ ընտանիքի անդամների և սիրելիների համար: Եկեք միասին տեսնենք, թե ինչ բույսեր են ծաղկում Ամանորին:
Պուանսետտիա
Սուրբ Ծննդյան բույսերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում պուանսետտիան, որը սովորաբար հայտնի է «Սուրբ Ծնունդ» կամ «Բեթղեհեմի աստղ» անվանումներով: Այս ծաղկի հետ կապվում է աղքատ աղջկա և նրա զարմիկի մասին մի պատմություն, ովքեր ոչինչ չունեին տաճարի զոհասեղանը զարդարելու համար: Նրանք ճամփեզրի թփի ճյուղերից մի համեստ, սակայն աննկարագրելի գեղեցիկ փունջ հավաքեցին, և երբ աղջիկը սիրով դրեց այն մանուկ Քրիստոսի ոտքերի առջև, ծաղկեփունջը հանկարծակի ծաղկեց:
Իսկ ահա նորաձևության մեջ պուանսետիան մտել է ամերիկացի Պաուլ Էկկեի թեթև ձեռքով: 1906 թվականին նրա զարմացրեց տոնի համար աճեցրած բույսերի կտրված ճյուղերը վաճառելու փայլուն գաղափարով: Արդյունքում պուանսետտիան դարձավ այնքան հայտնի, որ այժմ համարվում է Ծննդյան տոներին Մեծ Բրիտանիայում ամենահայտնի բույսը: Ուստի պատահական չէ, որ ամեն տարի վաճառվում են մոտ 8 մլն պուանսետտիաներ:
Դեկաբրիստ
Շլումբերգերին, որը հայտնի է «Դեկաբրիստ» անվանումով, Եվրոպայում հաճախ անվանում են «Սուրբ Ծննդյան կակտուս»: Բրազիլական ծագում ունեցող այս արևադարձային բույսը միշտ ուրախացնում է բոլորին՝ ծաղկելով ինչպես կաթոլիկ, այնպես էլ Ուղղափառ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ: Մեր տատիկների ժամանակներում գերակշռում էին կարմիր կամ վարդագույն ծաղիկներով նմուշները, իսկ սելեկցիոն աշխատանքների շնորհիվ այսօր կան
բազմազան գույների տպավորիչ տարբերակներ:
Ձմեռային բալ
Ձմեռային բալի հայրենիքը համարվում է Մեքսիկան: Այն ծաղկում է ամռանը, իսկ ձմռանը ուրախացնում է հատապտուղներով: Նշենք, որ այս բույսը սիրում է անուղղակի, սակայն պայծառ արևի լույս և ոչ շատ տաք օդի ջերմաստիճան: Ուստի ճիշտ խնամքի դեպքում հատապտուղները ամանորյա տոներին բավական երկար ժամանակ կհիացնեն բոլորին:
Ամարիլիս
Ամարիլիսը ամանորյա ամենահայտնի ծաղիկներից մեկն է, և նրա տոնական վառ կարմիր ծաղիկները հիանալի կերպով համապատասխանում են ավանդական Սուրբ Ծննդյան գույներին:
Նշենք, որ ամարիլիսները ծաղկում են մոտ 7 շաբաթ, ուստի նրանք ցնցող տեսք կունենան ինչպես տոնական ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո:
Հետաքրքիր այս բույսերի մասին խոսելուց հետո մենք չենք կարող անտեսել նաև ամանորյա ծաղկեփնջերին և գեղեցիկ կոմպոզիցիաներին: Ամանորին ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ցիկլամենները, ազալիաները, հերբերաներն և քրիզանթեմները:




